ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Հաճախ մշակույթի գործիչները տուժում են, երբ իրենց և վարչարարների փոխհարաբերումները գրագետ չեն ստացվում»

«Հաճախ մշակույթի գործիչները տուժում են, երբ իրենց և վարչարարների փոխհարաբերումները գրագետ չեն ստացվում»
23.11.2012 | 11:44

«Իրատես de facto»-ի հյուրն է ռեժիսոր, Երևանի քաղաքապետի խորհրդական ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ:


-Պարոն Սուքիասյան, յուրաքանչյուր մտավորական, արվեստագետ իրեն շատ ավելի լավ է զգում, երբ զբաղվում է իր մասնագիտական գործունեությամբ: Դուք, լինելով Սոս Սարգսյանի կուրսի շրջանավարտ, բեմադրել եք բազում մասսայական միջոցառումներ, հեղինակել եք «Թափառում» ռոք-օպերան, իսկ այսօր զբաղված եք վարչական աշխատանքով: Այս աշխատանքն ի՞նչ է տալիս և ի՞նչ է խլում արվեստագետ Արամ Սուքիասյանից:
-Բարեբախտաբար, ես կարողանում եմ վարչական աշխատանքը զուգորդել ստեղծագործականի հետ: Եվ մեկը մյուսի հաշվին չի արվում: Ես հասարակական գործունեություն ծավալել եմ դեռ ուսանողական շրջանից. եղել եմ ուսխորհրդի, Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի նախագահ: Այնպես որ, ստեղծագործական աշխատանքին զուգահեռ, միշտ էլ ունեցել եմ որոշակի վարչարարական գործունեություն: Իհարկե, այսօրվա իմ վարչական կարգավիճակը շատ լուրջ և պարտավորեցնող կարգավիճակ է: Համատեղումը, անկեղծ ասած, միշտ չէ, որ հեշտ է ստացվում: Բայց հաճախ կարողանում եմ ժամանակ գտնել և ստեղծագործական ինչ-որ աշխատանք անել, որից անհամեմատ ավելի մեծ հաճույք եմ ստանում: Թեպետ այս վարչական աշխատանքի պարագայում էլ ունեմ իմ ուրախությունները: Եթե Երևան քաղաքում որևէ բան փոխվում է դեպի լավը, որևէ դրական շարժում է նկատվում (հատկապես մշակութային ասպարեզում), ես դրանից խորապես ոգևորվում եմ, համարում, որ իմ փոքրիկ մասնակցությունն ունեմ այդ ամենին: Չեմ կարծում, թե վարչարարությունն ինձ կուղեկցի ամբողջ կյանքում: Սա մի լուրջ փորձառություն է: Կարծում եմ` ցանկացած գործող ռեժիսորի համար վարչական գործի իմացությունը, ֆինանսատնտեսական խնդիրներին տիրապետելու կարողությունը կարևոր հանգամանքներ են մեր ժամանակներում, արդի նոր պայմաններում, երբ շատ հաճախ ռեժիսորն ստիպված է լինում նաև պրոդյուսինգով զբաղվել: Այս առումով, համարում եմ, որ անձիս համար շատ հետաքրքիր ու կարևոր փորձառություն է վարչական աշխատանքը և, ինչու չէ, ինքնազարգացման լուրջ խթան: Շատ հաճախ են հնչում կարծիքներ, որ մշակույթի գործիչը, մտնելով վարչարարության ոլորտ, վնասում է իր պրոֆեսիոնալիզմը: Բայց չէ՞ որ հաճախ արվեստի, մշակույթի գործիչները տուժում են, երբ իրենց և վարչարարների փոխհարաբերումները գրագետ չեն ստացվում: Առնվազն գրագետ չեն ստացվում, եթե չասեմ, որ իսպառ չեն ստացվում: ՈՒ դրանից էլ տուժում է մեր մշակութային կյանքը: Ես հպարտ եմ, որ մշակույթի մարդ եմ, այդ երամից եմ, ու ի դեմս ինձ ու էլի մի քանի մարդու, որոնք զբաղվում են վարչարարությամբ` մշակույթի գործիչներն այսօր աշխատում են շատ ավելի համերաշխ, փոխըմբռնման մթնոլորտում: Միանգամայն ողջունելի երևույթ է սա: Եվ պետք չէ կասկածով վերաբերվել, երբ մշակույթի մարդն է զբաղվում վարչարարությամբ:
-Հարցիս մեջ բնավ կասկած չկար: Կար ընդամենը մտահոգություն ստեղծագործող անհատականության համար, որին վարչարարությունը խանգարում է ստեղծագործել:
-Լիովին պատճառաբանված է Ձեր մտահոգությունը: Ես հիմա կարող էի սկսել իմ երկրորդ ֆիլմը: «Թափառում» ռոք-օպերայից հետո արդեն տևական ժամանակ է, որ այս պլանում ոչինչ չեմ անում: Բայց ես ինձ համարում եմ ավելի մոնումենտալ արվեստի կողմնակից, մասսայական ռեժիսուրայի մասնագետ: Վերջին քիչ թե շատ մասսայական աշխատանքը կատարել եմ Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու առթիվ արված տոնակատարության ժամանակ: Այս իմաստով ես կարոտում եմ ինքս ինձ: Ներկա աշխատանքի պարագայում լինում են դեպքեր, որ այնքան էլ քո նախընտրած որոշումը չես կայացնում, որովհետև որոշվելիք խնդիրների լուծումներն ամբողջովին քեզնից չեն կախված:
-Ասում եք, որ Ձեզ ոգևորում են մշակութային դրական տեղաշարժերը: Վերջին ոգևորությունն այս առումով ո՞րն է եղել:
-Գուցե այս պահին շատ նկատելի չէ այն, ինչն ինձ ոգևորում է` ի տարբերություն քաղաքի կանաչապատման, տարաբնույթ նստարանների տեղադրման և այլ գործընթացների, բայց այդ ոգևորությունը ես ապրում եմ մեր հանրակրթարանների, երաժշտական, արվեստի դպրոցների վիճակի հետ կապված: Նոր ռեֆորմներ են սկսել իրականանալ այս ասպարեզում: Մշակվել են նոր սկզբունքներ, նոր մոտեցումներ, որոնց արդյունքում մենք տարիներ հետո կունենանք շատ ավելի կազմակերպված, երաժշտական բարձր իմացություններով օժտված կադրեր: Մեր շեշտադրումները հիմնականում ուղղված են երաժշտական, արվեստի դպրոցներին:
-Կարճ ժամանակ առաջ Դուք Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի պրոռեկտորն էիք: Այս ոլորտում ոգևորության ի՞նչ հիմքեր կան:
-Հիմա պրոռեկտոր չեմ, որովհետև համատեղելն այս երկու աշխատանքը շատ բարդ էր: Չէի ուզում ինքնախաբեությամբ զբաղվել: Եթե գործ ունես ուսանողների հետ, պետք է առավելագույնս ազնիվ վերաբերվես նրանց: Դրանով էր պայմանավորված ինստիտուտից դուրս գալս, և հիմա քիչ եմ տեղյակ ինստիտուտի հաջողություններին: Բայց այն, ինչ իմանում եմ մամուլից, վկայում է, որ ինստիտուտում շարժ կա, և նոր ռեկտորը բավականին հետաքրքիր փոփոխություններ է կատարում:

-Երևանի նստարաններին տեղադրված արձանները բուռն ընդդիմախոսության հանդիպեցին: Ինչո՞ւ:
-Կարծում եմ, որ երևանցիները դրանց վերաբերվեցին իբրև քանդակների: Այնինչ դա դիզայնի մի մաս էր, ինչ-որ առումով` դեկոր: Ի սկզբանե կար մի հետաքրքիր գաղափար, ըստ որի` մի որոշ ժամանակ Երևան քաղաքի նստարաններին գտնվելուց հետո այս արձաններն իրենց նստարաններով պետք է տեղափոխվեն համապատասխան թանգարաններ: Սևակինը պիտի տեղափոխվի Զանգակատուն, Մհեր Մկրտչյանինը` Գյումրի, և այսպես շարունակ: Գրեթե բոլոր թանգարաններն ունեն իրենց փոքրիկ այգին, բակը, որոնցում էլ տեղ կգտնեն այս նստարանները: Այս առումով շատ ուսանելի նախադեպ կա Երևանի Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում: Դեկտեմբերի առաջին տասնօրյակին մենք սիրով կնվիրենք բոլոր այդ նստարանները թանգարաններին: Տիգրան Պետրոսյանի քանդակով նստարանը կտեղափոխվի Շևչենկո փողոցի վրա գտնվող Շախմատի ակադեմիայի պարտեզ: Բարձրացված աղմուկը հիմնականում որակի հետ էր կապված, և ես այս առումով համաձայն եմ դժգոհություններին: Բայց էլի եմ կրկնում. սրանց չպետք է վերաբերվել որպես քանդակների, սրանք մոնումենտալ արվեստի հավակնող գործեր չեն: Այս կերպ մենք ցանկացել ենք ինչ-որ կենդանի շփում ապահովել մեր մեծերի և համաքաղաքացիների միջև: Եվ դա իսկապես ստացվեց: Մարդիկ նստում էին այդ նստարաններին, նկարվում արձանների հետ: Այսինքն` մշակութային քաղաքի մթնոլորտ առաջացնելու իմաստով այս ծրագիրը, անշուշտ, ունեցավ հաջողություն: Միշտ չէ, որ այս կամ այն նախաձեռնությունը, անկախ շահեկանությունից, հարգվում է: Չեմ կարող ասել, թե ինչու է այդպես: Բայց հաճախ չնախաձեռնելը, իներտ լինելը, ցավոք, կարծես թե ավելի շահեկան են: Առկա քաղաքապետը չի ցանկանում իր քայլերը պայմանավորել այս մոտեցմամբ: Նա որևէ բան անելիս մտածում է, թե ինչպես այն կընկալի մեծամասնությունը: Եվ արվում են քայլեր, որոնք հաստատ մեծամասնության քիմքն են շոյում, մարդիկ ոգևորվում են, ու գործն այսպես առաջ է գնում:
-Ներկայում քաղաքապետարանն ունի երկու թատրոն մշտական տանիքով ապահովելու խնդիր: Մեկը Երևանի մնջախաղի պետական թատրոնն է, մյուսը` Սոս Սարգսյանի «Համազգայինը»: Ի՞նչ փուլում են այս գործընթացները: Ինձ հայտնի է, որ Հյուսիսային պողոտայում տեղ է տրամադրվելու մնջախաղի թատրոնին: Այդպե՞ս է:
-Համազգային թատրոնի ճակատագրի առնչությամբ ասեմ, որ այսօր շարունակվում է հարմար տեղանքի որոնումը, ընթանում են քննարկումներն այս ուղղությամբ: Որևէ խելքը գլխին հայ մարդ չի կարող թատրոնի ստեղծմանը դեմ լինել: Այս խնդիրը չէ, որ արծարծվում է: Խնդիրը տեղանքի մեջ է: Երևանը, հատկապես` կենտրոնը, այնքան խիտ է, որ այդ ծավալի շինարարություն անել և ստանալ ասելիքով թատրոն` իր ամբողջ տրամաբանությամբ, թատերայնությամբ, ճարտարապետությամբ, հեշտ չէ: Դեռևս քննարկման փուլում է այս խնդիրը և չի ստացել վերջնական լուծում: Իսկ մնջախաղի թատրոնի համար իսկապես լավ տեղ է նախատեսված Հյուսիսային պողոտայում: Դա մնջախաղի թատրոնի կամերայնությանը, տեսակին հարիր տեղ է, շատ հատկանիշներով այդ թատրոնին բնորոշ տարածք է: Գործընթացը դեռ վերջնական փաստաթղթային տեսք չունի, բայց դա հաշված օրերի խնդիր է:

-Քանի որ մեր քաղաքում վերջերս շինարարական աշխատանքների ընթացքում եղան աղետալի իրադարձություններ (Խանջյան, Սասնա ծռեր փողոցներում), բնական է, որ շոշափվեց նաև քաղաքապետարանի անունը, մատնանշվեց մեղքի նրա բաժինը ևս: Ի՞նչ լծակներ են այժմ կիրառվում նման աղետները հետագայում կանխելու նպատակով:
-Երևանի քաղաքապետարանը հաստատում է տվյալ շինարարության էսքիզը, հարթագիծը: Եվ մենք, անշուշտ, հետևողական ենք, որ դա չփոփոխվի, կառուցվի ըստ հաստատված էսքիզի: Քաղաքապետարանը չի կարող հետևել սեփականատիրոջ կողմից իրականացվող շինարարության գործընթացին:
-Իսկ ո՞ւմ ձեռքին են դրան հետևելու լծակները:
-Մարդն իր սեփական տարածքում է, ինքն է որոշում, թե ինչպես պիտի կառուցի: Սեփականատերը, որ հանդիսանում է պատվիրատու, ինքն է հետևում շինարարական աշխատանքների որակին:
-Այսինքն` եթե շինարարության ընթացքում տեղի է ունենում ինչ-որ աղետ, միանձնյա պատասխանատուն սեփականատե՞րն է, նա՞ է կրում կատարվածի պատասխանատվությունը:
-Նախ և առաջ տվյալ շինարարի մեղքով է դա լինում:
-Սեփականատիրոջ անձնական որակների՞ց և խղճի՞ց է կախված մարդկային կյանքը նման դեպքերում:
-Ես մասնագիտորեն մի քիչ լավ չեմ տիրապետում այս խնդրին, որովհետև իմ ոլորտը չէ, բայց կարծում եմ` այո՛: Այդպես է:
-Դե, ցավոք, չի կարելի մեծ հույսեր կապել այսօրվա սեփականատերերի որակների հետ:
-Հասկանում եմ, բայց մենք չենք կարող գնալ և հետևել, թե քանի կիլոգրամ ցեմենտ է լցվում բետոնի մեջ այս կամ այն շինության կառուցման ժամանակ: Դա քաղաքապետարանի խնդիրը չէ այլևս:
-Հյուսիսային պողոտայի կանաչապատման խնդիրը շարունակում է մնալ աղաղակող և անհանգստացնող: Կա՞ն ծրագրեր այս առումով:
-Երևի թե նկատել եք, որ որոշակի գեղարվեստական լուծումներ տրված են այս հարցին: Աշխարհում ընդունված ձև է արկղերում ծառեր, ծաղիկներ աճեցնելու տարբերակը, և մենք էլ առաջնորդվել ենք այդ տրամաբանությամբ: Այս պահի դրությամբ դա իրեն արդարացնում է: Առայժմ լուծումը սա է: Մենք չենք կարող քանդել ունեցածը և այդ հատվածը դարձնել կանաչապատ: Իմ սուբյեկտիվ կարծիքով` այդ տարածքում ի սկզբանե կանաչապատ գոտի չունենալու առումով վրիպում է եղել: Դա առկա է նախագծում:
-Ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշահամալիրի դիմաց «Դալմա» առևտրի կենտրոնի առկայությունը բավարարո՞ւմ է Ձեզ` որպես հայ մարդու:
-Չի տխրեցնում, որովհետև ամեն ինչ կարող է լինել այդ տեղում: Քիչ ավելի ներքև տոնավաճառ է գործում տարիներ շարունակ:
-Որը նույնպես բնավ ողջունելի չէ:
-ՈՒղղակի ուզում եմ ասել, որ առևտրի կենտրոնը` որպես երևույթ, նոր բան չէ այդ տարածքում: Բացի այդ, նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ շատ տոնական, շատ պայծառ համերգներ են տեղի ունենում Կարեն Դեմիրճյանի անվան համերգասրահում, որը շատ ավելի մոտ է ցեղասպանության հուշարձանին: Արժե՞ այդտեղ փնտրել որևէ խնդիր:

-Դուրս գանք Երևանի տիրույթներից: Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու պատմությունը բոլորիս է հայտնի: Այն վերաբացվեց, բայց ոչ իբրև եկեղեցի: Հակառակ դրան` օրերս Դիարբեքիրում զանգով, զանգակատնով բացվեց, օծվեց հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին: Սա հայության ձեռքբերո՞ւմն է, թե՞ թուրքական երկերեսանի դիվանագիտության հերթական դրսևորումը:
-Դժվարանում եմ ասել, բայց կարծում եմ` երկրորդը: Կարծեմ թե` հայաստանյան ուժերը, ի տարբերություն Աղթամարի եկեղեցու պարագայի, ընդգծված լոբբիստական դրսևորումներ չունեցան այս եկեղեցու վերաբացման հարցում: Սա թուրքերի արած հերթական ժեստն է: Բայց երևույթն ինքնին ողջունելի է: Ընդհանրապես, հայ խոսքը, հայ երգեցողությունը, հայ օրհնությունը հնչեցնելը ցանկացած պարագայում ողջունելի է: Թող որ այդ եկեղեցում հնչող օրհնությունը, խնկարկումները տարածական լինեն ողջ այդ միջավայրի համար:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ